Մամուլի հաղորդագրություն #386, 19.12.2014թ.

 

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԸ ԿԵՊԼԵՐ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԻ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ

10801962_814872138573423_8889400171825144751_n.jpg1047937_814872118573425_394157673012828203_o.jpg

 

Չորս տարի շարունակ Կեպլեր տիեզերական աստղադիտակը դիտում է երկնքի մի փոքր հատված` փնտրելով ավելի քան 150,000 աստղերի պայծառության փոքր պարբերական տատանումներ, որոնք առաջանում են նրանց սկավառակի վրայով մոլորակների անցումներով: Կեպլերի դիտումները հեղափոխել են արտարեգակնային մոլորակների (կամ էքզոմոլորակների) հետազոտությունների բնագավառը` աստղագետներին թույլ տալով մինչ օրս հայտնաբերել գրեթե 1000 հաստատված մոլորակներ, ինչպես նաև ավելի քան 3200 մոլորակների թեկնածուներ:

2013թ. մայիսին, երբ Կեպլերի տվյալների զգալի մասը դեռևս վերլուծված չէր, տիեզերանավի չորս գիրոսկոպանման արձագանքման անիվներից երկրորդը խափանվեց: Տիեզերական աստղադիտակի բարձր ճշգրտության պայծառության չափումները պահանջում էին ճշգրիտ ուղղորդում, ինչը ստացվում էր` օգտագործելով առնվազն երեք արձագանքման անիվներ: Այնպես որ, երբ տիեզերանավի երկրորդ անիվը խափանվեց վերջ դնելով Կեպլերի առաջնային առաքելությանը շատերը համարեցին, որ դա նաև տիեզերանավի վերջն է:
Սակայն գիտնականները և ինժեներները չուզեցին հրաժարվել որևէ այլ խնդիր չունեցող տիեզերական աստղադիտակից: Նախատեսվեց այլընտրանքային առաքելություն, որտեղ տիեզերանավը դիտելու է խավարածրի երկայնքով մի քանի դաշտեր` Արեգակի լույսի ճնշման օգնությամբ մնացած կառավարող անիվների հետ միասին ուղղորդումը վերահսկելու միջոցով: Նոր առաքելությունը, որը կոչվեց K2, խոստանում է շարունակել էքզոմոլորակների Կեպլերի որոնումը, ինչպես նաև թույլ է տալիս դիտել աստղակույտեր, ակտիվ գալակտիկաներ և գերնոր:

Կեպլերը պահպանեց իր խոստումը: Դրա ապացույցն է K2-ի` Կեպլերի «երկրորդ կյանքի», կողմից առաջին մոլորակի հայտնաբերումը և բնութագրումը: Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնից (CfA) Էնդրյու Վանդերբուրգի գլխավորած ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի աստղագետների միջազգային թիմը գտել է նոր գերերկիր` օգտագործելով 2014թ. փետրվարի Կեպլերի 9-օրյա փորձնական դիտումներից հավաքագրված տվյալները: 

Կեպլերի ուղղորդման հնարավորությունների նվազման պատճառով, ստացված օգտակար տվյալնները պահանջում են բարդ համակարգչային վերլուծություն: Թիմը մշակել է հատուկ ծրագրային համակարգ, որը թույլ է տալիս ճշտել տիեզերանավի շարժումների պատճառով առաջացած սխալները` հասնելով Կեպլերի նախնական առաքելության լուսաչափական ճշգրտության մոտավորապես կեսին: Երբ աստղագետները վերլուծեցին տվյալները, նրանք պարզեցին, որ Կեպլերը հայտնաբերել է մոլորակային անցում: Լրացուցիչ թույլ անցումներ գրանցվեցին Աստղերի միկրոփոփոխականության և տատանումների (Microvariability and Oscillations of STars, MOST) արբանյակով:

«Մենք կարիք ունեինք այս արդյունքի վստահելի հաստատում, ինչպես տալիս է HARPS-N-ը», – գոհունակությամբ ասում է ուսումնասիրության համահեղինակ Ավետ Հարությունյանը: Հարությունյանն աշխատում է իտալական Գալիլեի անվան ազգային աստղադիտակում (Telescopio Nazionale Galileo, TNG1), որը գտնվում է Կանարյան կղզիներից Լա Պալմայում, որտեղ տեղադրված է Բարձր ճշգրտության տեսագծային արագությունների մոլորակային որոնողի հյուսիսային սարքը (High Accuracy Radial Velocity Planet Searcher – North, HARPS-N2): «HARPS-N-ի մեծ ճշտության տեսագծային արագության չափումները կարող էին հաստատել, որ իրականում մոլորակ կա, ինչպես նաև արժեքավոր տեղեկություններ տրամադրել մոլորակի բնութագրերի մասին, ինչպիսիք են զանգվածն ու խտությունը», – ավելացնում է Հարությունյանը: 2014 թ.հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված HARPS-N-ի դիտումներից թիմը ստացել է HIP 116454 մոլորակային համակարգի տեսագծային արագությունները:

Նորահայտ մոլորակը` HIP 116454b-ն, ունի Երկրից երկուսուկես անգամ մեծ` 32200 կմ, տրամագիծ: HARPS-N-ը ցույց տվեց, որ այն Երկրից ավելի ծանր է գրեթե 12 անգամ: Այդ պատճառով HIP 116454b-ը կարելի է համարել գերերկիր` մոլորակների մի դաս, որ գոյություն չունեն մեր Արեգակնային համակարգում: Միջին խտությունից կարող ենք ենթադրել, որ այս մոլորակը կամ ջրի աշխարհ է (բաղկացած մոտ երեք քառորդը ջրից և մեկ քառորդը ապարից), կամ մինի-Նեպտուն` ընդարձակ գազային մթնոլորտով: Աստղագետները ենթադրում են, որ դրա ջերմաստիճանը մոտ 400 °C: 
HIP 116454b-
ի ուղեծրային պտույտի պարբերությունը 9.1 օր է, հետևաբար, այն պտտվում է մայր աստղին բավական մոտ` մոտավորապես 13.5 մլն կմ հեռավորության վրա, ինչը 11 անգամ ավելի մոտ է, քան Երկրի հեռավորությունն Արեգակից: Մայր աստղը` HIP 116454-ը գտնվում է Ձկների համաստեղությունում, մեզնից շուրջ 180 լուսատարի հեռավորության վրա և նարնջագույն թզուկ է` քիչ ավելի փոքր և սառը, քան մեր Արեգակը:
«
Մինչ օրս HARPS-N-ն արդեն հայտնաբերել և բնութագրել է մի քանի տասնյակ արտարեգակնային մոլորակ, որոնց զգալի մասը ստացվել է Կեպլերի նախնական առաքելությունից: Սակայն մենք հատկապես ուրախ ենք HIP 116454b-ի համար, քանի որ դա Կեպլերի «նոր կյանքի» առաջին մոլորակն է», – ասում է Ավետ Հարությունյանը:
Այս հայտնագործության մասին հաղորդող գիտական հոդվածն արդեն ընդունվել է հրապարակման «Astrophysical Journal» ամսագրում:

 

1 – Իտալական 3.58մ Գալիլեի անվան ազգային աստղադիտակը (Telescopio Nazionale Galileo, TNG) գտնվում է Roque de los Muchachos աստղադիտարանում, Կանարյան կղզիներից Լա Պալմայում: TNG-ն շահագործվում է Fundación Galileo Galilei, INAF (FGG - INAF) կողմից: Համացանցային կայքէջն է` www.tng.inaf.it 

2 – HARPS-N-ը հյուսիսային երկնքում աստղային արագությունների չափման ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆն է: HARPS-N տեղադրված է TNG-ի վրա և ղեկավարվում է Ժնևի համալսարանի միջազգային կոնսորցիումի կողմից` TNG-INAF, Հարվարդ-Սմիթսոնյան CfA, Սուրբ Էնդրյուսի համալսարան, Էդինբուրգի համալսարան և Բելֆաստի Քուինզ համալսարան:

 

Հայկական աստղագիտական ընկերություն