Մամուլի հաղորդագրություն #390, 23.12.2014թ.
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ԷԼՄԱ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է հայ անվանի աստղագետ Էլմա Պարսամյանի 85-ամյակը: Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հիմնադրման առաջին տարիներից սկսած նա նշանակալի ներդրում ունի ինչպես հայկական աստղաֆիզիկայի զարգացման, այնպես էլ ապագա աստղագիտական սերունդների պատրաստման գործում։ Պարսամյանը հայտնի է նաև հնագույն աստղագիտության բնագավառում իր աշխատանքների, մասնավորապես՝ Մեծամորի և Զորաց Քարերի աստղադիտարանների ուսումնասիրության շնորհիվ։ Նրա անվամբ են կոչվում իր իսկ հայտնաբերած գիսավորաձև միգամածությունները։
Էլմա Սուրենի Պարսամյանը ծնվել է 1929թ. դեկտեմբերի 23-ին Երևանում: 1954-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտացմամբ և աշխատանքի է ընդունվել ԲԱ:
1957-1960-ին սովորել է ասպիրանտուրայում։ 1963-ին պաշտպանել է ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածուական թեզ «Որոշ գիսավորաձև միգամածությունների գունաչափական և բևեռաչափական ուսումնասիրություններ» թեմայով (ղեկավար` Գրիգոր Գուրզադյան), իսկ 1983-ին դարձել է ֆիզ․-մաթ․ գիտ․ դոկտոր: 1989-ից՝ պրոֆեսոր է, 2000-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ։ Ներկայումս ԲԱ գլխավոր գիտաշխատող է (2000-ից) և գիտական խմբի ղեկավար։ 2007-ից գիտական աստիճանների շնորհման ԲԱ մասնագիտական խորհրդի նախագահն է, ԲԱ գիտական խորհրդի անդամ։ Եղել է «Պատմա-աստղագիտական ուսումնասիրություններ» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ (1988-1992), 2000-ից «Աստղաֆիզիկա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է։ Եղել է նաև մի շարք միջազգային մասնագիտական հանձնաժողովների անդամ։ 1968-1969, 1976-1977 և 1991-1995 թթ․ Պարսամյանը որպես բարձրագույն՝ «C», կարգի հետազոտող աշխատել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում (UNAM) և Տոնանցինտլայի աստղադիտարանում, ինչպես նաև դասավանդել է նշված համալսարանում։ 1965-ին և 1996-ին որպես այցելու աստղագետ աշխատել է Գերմանիայի Տաուտենբուրգի աստղադիտարանում և Մաքս-Պլանկի աստղագիտության ինստիտուտում (Հայդելբերգ): 1982-ին աշխատել է նաև Իտալիայի Ասիագոյի աստղադիտարանում։ Մասնակցել է ավելի քան 50 միջազգային գիտաժողովների, այդ թվում Միջազգային աստղագիտական միության 4 գլխավոր ասամբլեաների։ 1967-ից Պարսամյանը դասավանդել է ԵՊՀ-ում, իսկ 1983-1987-ին՝ Հայկական մանկավարժական համալսարանում և գլխավորել է Աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոնը: Հանդիսանում է բազմաթիվ դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավար:
Հետազոտությունների հիմնական թեմաներն են գիսավորաձև միգամածությունները, բռնկվող և T Ցուլի տիպի աստղերը, ֆուօրները և ենթաֆուօրները, ինչպես նաև հնագույն աստղագիտությունը: Նրա կարևորագույն գիտական արդյունքներն են աստղակույտերի և նրանցում գտնվող աստղերի տարիքի գնահատման եղանակի առաջարկունը, երիտասարդ աստղակույտերում և աստղասփյուռներում մեծ թվով բռնկվող աստղերի հայտնաբերումը, գիսավորաձև միգամածությունների (1965, 1979) և Hα առաքումով աստղերի (1982) կատալոգների հրատարակումը, նոր մոլորակաձև միգամածությունների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը, աստղասփյուռներում դանդաղ բռնկումների ուսումնասիրությունը, Օրիոնում աստղային բռնկումների հաճախությունների բաշխման ֆունկցիայի հետազոտումը, ֆուօրների և ենթաֆուօրների ուսումնասիրությունը, NGC 2261 փոփոխական գիսավորաձև միգամածության և նրա կենտրոնական աստղի՝ R Միեղջյուրի, մանրակրկիտ լուսաչափական, բևեռաչափական և սպեկտրալուսաչափական ուսումնասիրությունը և Մեծամորի ու Զորաց Քարերի հնագույն աստղադիտարանների բացահայտումը և ուսումնասիրությունը։ Արդյունքում Պարսամյանը հրատարակել է ավելի քան 150 գիտական հոդված, այդ թվում աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում, միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում և մի շարք կատալոգներ:
Միջազգային աստղագիտական միության (1976), Եվրոպական (1990), Եվրասիական (1996) և Հայկական (2009) աստղագիտական ընկերությունների անդամ է: Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1971) և Անանիա Շիրակացու անվան (2003) մեդալներով, ՀՀ ԳԱԱ պատվոգրով (1981)։ Աստղագիտության մեջ ունեցած վաստակի համար 2009-ին արժանացել է ՀԱԸ/ԲԱ Լյուդվիկ Միրզոյանի անվան մրցանակի։
Հայկական աստղագիտական ընկերություն