Մամուլի հաղորդագրություն #391, 23.12.2014թ.

 

«ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ» ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

vaf_logo.jpg

Վերջերս ստեղծվել է «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամը, որի նպատակներն են աստղագիտության աջակցությունը Հայաստանում, երիտասարդ ու պատանի սերունդների մոտ աստղագիտության նկատմամբ հետաքրքրության խրախուսումը և նրանց գիտական աճին սատարումը:

Հիմնադիրներն են Վիկտոր Համբարձումյանի աշակերտ և «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի հեղինակ Ռոբերտ Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկված Վիկտոր Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի 2010-2014թթ. բոլոր 8 հաղթողները, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, աշխարհահռչակ հայազգի աստղագետ Երվանդ Թերզյանը (նախագահ), Արեգ Միքայելյանը (տեղակալ) և այլք: Հիմնադրամի տնօրենն է Ռոբերտ Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի համակարգողը՝ Արեգ Միքայելյանը:

Հիմնադրամի առաջիկա ծրագրերն են պրոֆեսիոնալ աստղագետների գիտական ծրագրերին աջակցությունը, երիտասարդ աստղագետների գիտաժողովներին և բյուրականյան ամառային դպրոցներին աջակցությունը, բյուրականյան գիտաճամբարների կազմակերպումը, աշակերտների այցելությունների խրախուսումը Բյուրականի աստղադիտարան, դպրոցական դասախոսությունների կազմակերպումը ՀՀ, Արցախի և Ջավախքի դպրոցներում, «Պատանի աստղագետի ակումբին» աջակցությունը, աստղագիտական հանրային դասախոսությունների կազմակերպումը, աստղագիտական միջազգային և հանրապետական օլիմպիադաների առցանց տվյալների շտեմարանի ստեղծումը, օլիմպիադաների մասնակիցներին և աստղագիտությամբ հետաքրքրված այլ աշակերտներին աջակցությունը, աստղաֆիզիկայի ուսանողներին և աստղագիտության ուսուցիչներին աջակցությունը, աստղագիտության ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացումը, սիրող աստղագետներին աջակցությունը, «Պատմա-աստղա-գիտություն և աստղագիտությունը մշակույթում» նախագծին աջակցությունը, «Աստղագիտակ» առցանց ամսագրի նյութերի պատրաստումը, Հայաստանում աստղացուցարանների կառուցումը, դպրոցների համար փոքր աստղադիտակների ձեռքբերումը, աստղագիտական հանրամատչելի նյութերի տպագրությունը և աստղագիտական հուշանվերների թողարկումը, աստղագիտական լրագրությանը աջակցությունը և այլն:
Դեկտեմբերի 23-ին «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամի ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիս տեղի ունեցավ «Բլից ինֆո» մամուլի ակումբում:

 

Հիմնադրամի համացանցային կայքէջը հետևյալ հասցեով՝ http://va-fund.aras.am/

 

Հայկական աստղագիտական ընկերություն