Մամուլի հաղորդագրություն #396, 03.01.2015թ.

 

ՀՈՒՆՎԱՐԻ 4-ԻՆ ԵՐԿԻՐԸ ԿԳՏՆՎԻ ԱՐԵԳԱԿԻՆ ԱՄԵՆԱՄՈՏ ԴԻՐՔՈՒՄ

 

10806355_824700957590541_2702877668680400202_n.jpg

 

Հունվարի 4-ին, Երկիրը կգտնվի Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս` Արեգակ բառերից) կամ արևամերձ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն կմ է, որն ընդունված է որպես աստղագիտական միավոր (ա.մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կմ-ի սահմաններում: Այդ պատճառով է փոփոխվում նաև Արեգակի տեսանելի անկյունային չափը (31.6′–32.7′ սահմաններում), որի, ինչպես նաև Լուսնի անկյունային չափերի փոփոխման հետևանքով Արեգակի խավարումների ժամանակ Լուսինը երբեմն ամբողջությամբ, իսկ երբեմն էլ մասամբ է ծածկում Արեգակի սկավառակը (համապատասխանաբար դիտվում է լրիվ կամ օղակաձև խավարում): 

Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Երկիր-Արեգակ հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3 տոկոս է և չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (երբ գտնվում է արևամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը (հուլիսի 6-ին): Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան և ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում: Իսկ տարվա եղանակների փոփոխության հիմնական պատճառը Երկրի առանցքի թեքվածությունն է իր ուղեծրի հարթության նկատմամբ. ձմռանը հյուսիսային բևեռն Արեգակի հակառակ կողմն է թեքված: Այդ ժամանակ Արեգակը հյուսիսային կիսագնդում ավելի ցածր է դիտվում և ավելի քիչ է տաքացնում: Ամռանն էլ հակառակն է` Երկրի հյուսիսային բևեռը թեքված է Արեգակի կողմը, և հյուսիսային կիսագունդն ավելի շատ է ջերմություն ստանում: Համապատասխանաբար, հարավային կիսագնդում հակառակն է:

 

Հայկական աստղագիտական ընկերություն