Մամուլի հաղորդագրություն #398, 06.01.2015թ.

 

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF) 2015թ. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ

 

10915347_10204633995241241_576020776106380099_n.jpg

 

Հայաստանում աշխատող 30 գիտական խմբեր 2015թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Այս տարի բացի հիմնական դրամաշնորհներից տրամադրվել են նաև 2 երիտասարդական դրամաշնորհներ: Ներկայացված 174 հայտերից հաղթողներն ընտրվելեն ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 17 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 17 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 9` Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) և 1-ական` Երևանի Մ Հերացու անվ պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանից (ՀԱԱՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից և Ա Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայից (Երևանի ֆիզիկայի ինստիտուտից): Ըստ ինստիտուտների թվով ամենաշատ դրամաշնորհներ ստացել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների (3-ական) և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի (2-ական) գիտական խմբերը: Բնական գիտությունների (հիմնականում` քիմիա և կենսաբանության) ներկայացուցիչներն արժանացել են 19 դրամաշնորհի, ճշգրիտ գիտությունների (հիմնականում` ֆիզիկա և աստղաֆիզիկա) ներկայացուցիչները՝ 10, և 1 դրամաշնորհ ստացել են հասարակական գիտությունների ներկայացուցիչները:

ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի (ՀՕՖ) շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին (2014-ին` 31, 2015-ին՝ 30)։ Մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրել է 387 դրամաշնորհ, որոնցից օգտվել է ավելի քան 650 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:
Հիմնադրամի համացանցային կայքէջն է՝ http://www.ansef.org/

 

Հայկական աստղագիտական ընկերություն