Մամուլի հաղորդագրություն #401, 12.01.2015թ.

 

ՀԻՆ և ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

 

10922629_831453410248629_421733662548111967_n.jpg

 

Հայաստանում մինչև հիմա էլ նշում են այսպես կոչված հին Նոր տարին: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած նահանջ տարի: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365.25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջ Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե և 14 վայրկյանով պակաս, որի պատճառով յուրաքանչյուր 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում է մի ամբողջ օր: 16-րդ դարում կուտակվել էր 10 օրվա տարբերություն և այն արդեն նկատելի էր դարձել: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11-ին, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:

1582 թվականին Հռոմի Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ ունենալ ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97` յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները: Սկզբում՝ 1582-ի հոկտեմբերին, օրացույցն առաջ տալով 10 օրով (այդ տարի հոկտեմբերի 5-14 օրերը չեն եղել, սակայն շաբաթվա օրերը չեն խախտվել, և հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան, հաջորդել է ուրբաթը՝ հոկտեմբերի 15-ը), Գրիգորյան տոմարն ընդունվեց Հռոմեական կայսրությունում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հոլանդիայում, այնուհետև՝ 18-րդ դարի ընթացքում, համարյա ամբողջ Արևմտյան Եվրոպայում:

Երբ Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից հետո 1918-ին նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ 1582 թվականից անցել էր ևս 335 տարի): Նույնը կատարվեց Խորհրդային Հայաստանում` արդեն 1920թ.: Այդ պատճառով մեզանում հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ 2100 թվից հետո կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում` հետևելով Խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաև հին նոր Տարին (Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի): Իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար հունվարի 13-ին, երեկոյան ժամը 12-ին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն