Մամուլի հաղորդագրություն #404, 22.01.2015թ.
ՎԱՐՈՒԺԱՆ ԳՈՐՋՅԱՆԸ, ՌԱԶՄԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ՝ ՀՀ ԳԱԱ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
Վերջերս կայացած ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում, բացի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներից և թղթակից անդամներից, ընտրվել են նաև արտասահմանյան 17 նոր անդամներ: Նրանց թվում են երեք աստղաֆիզիկոսներ՝ Վարուժան Գորջյանը (ԱՄՆ), Ռազմիկ Միրզոյանը (Գերմանիա) և Արմեն Սեդրակյանը (Գերմանիա):
Վարուժան Գորջյանը աստղագիտության և աստղաֆիզիկայի դոկտոր է, ԱՄՆ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի (JPL) հետազոտող: Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech) և Լոս-Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA): Աշխատում է ենթակարմիր գալակտիկաների և ակտիվ գալակտիկական միջուկների բնագավառում:
Ռազմիկ Միրզոյանը բարձր էներգիաների աստղաֆիզիկայի մասնագետ է, գիտության դոկտոր, Մաքս-Պլանկի ֆիզիկայի ինստիտուտի (MPIP) MAGIC խմբի և MAGIC աստղադիտակի ծրագրի ղեկավարը, միջազգային Taiga համագործակցության առաջատար մասնագետ և խոսնակ, Իրկուտսկի պետական համալսարանի (ԻՊՀ, Ռուսաստան) պրոֆեսոր և ԻՊՀ Բազմա-ՏէՎ էներգիաներով գամմա-ալիքային աստղագիտության («Multi-TeV Energy Gamma-Ray Astronomy») լաբորատորիայի վարիչը:
Արմեն Սեդրակյանը տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի մասնագետ է, դոկտոր, պրոֆեսոր, Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող: Ուսումնասիրում է քվանտային նյութի ֆիզիկան: Աշխատանքներն ուղղված են նեյտրոնային աստղերում գերհոսելիության և գերհաղորդականության ֆիզիկայի պարզաբանմանը, միջուկային և քվարկային նյութին և գերսառը ատոմների ուսումնասիրությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ են նաև հանրահայտ աստղագետներ Ժորժ Ալեսյանը (Ֆրանսիա), Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա), Երվանդ Թերզյանը (ԱՄՆ), Զատիկ Մուրադյանը (Ֆրանսիա) և Վահե Պետրոսյանը (ԱՄՆ):
Հայկական աստղագիտական ընկերություն