Մամուլի հաղորդագրություն #407, 28.01.2015թ.

 

ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

 

 

 

2015թ․ հունվարի 25-28-ին Թեհրանի Հիմնարար գիտությունների հետազոտական ինստիտուտում (Իրան) տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Գալակտիկաները ներսից և դրսից» թեմայով։ Քննարկվող թեմաներն էին գալակտիկաների կառուցվածքը և դինամիկան, գալակտիկաներում աստղառաջացումը, թաքնված զանգվածը, ակտիվ գալակտիկական միջուկները, գալակտիկաները մեծածավալ սանդղակում և գալակտիկաների առաջացման մոդելները։ Ընդամենը մասնակցում էր 135 գիտնական։ Հրավիրված զեկուցողների թվում էին այնպիսի հանրահայտ աստղագետներ, ինչպիսիք են Ջոզեֆ Սիլքը (Մեծ Բրիտանիա), Ջերի Գիլմորը (Մեծ Բրիտանիա), Ալվիո Ռենձինին (Իտալիա), Ջակո վան Լունը (Մեծ Բրիտանիա), Սայմոն Լիլին (Շվեյցարիա), Ռայնիեր Պելետիեն (Նիդերլանդներ), Գարի Մամոնը (Ֆրանսիա), ինչպես նաև գիտնականներ Գերմանիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Ավստրալիայից։ Մասնակիցների մեծ մասը Իրանից էր, և գիտաժողովն ուղղված էր իրանական երիտասարդ աստղագետների գիտական մակարդակի բարձրացմանը։ Սակայն հարկ է նշել, որ զգալի թվով իրանցի երիտասարդներ աշխատակցում կամ որպես ասպիրանտներ սովորում են եվրոպական աստղագիտական կենտրոններում և՝ մասնակցելով այս գիտաժողովին, նրանք ներկայացնում էին խոշորագույն աստղագիտական նախագծեր, որոնցում իրենք ընդգրկված են։ 

Հայաստանից որպես հրավիրված զեկուցող գիտաժողովին մասնակցում էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ում զեկուցումը նվիրված էր Գալակտիկաների առաքման գծերով սպեկտրներին և ակտիվ գալակտիկական միջուկների տեսակներին։ Գիտաժողովին մասնակցում էր նաև իրանահայ երիտասարդ աստղագետ Շանթ Բաղրամյանը Շարիֆի համալսարանից։

Գիտաժողովի օրերին Իրանական աստղագիտական ընկերության (ASI) ղեկավարների հետ քննարկվեց նաև ապագա հայ-իրանական աստղագիտական համագործակցությունը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական ծրագրեր, պատրաստել երիտասարդ կադրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ և համատեղ խորհրդակցություններ։ Մասնավորապես, պայմանավորվածություն կա, որ այս տարվա հոկտեմբերին ԲԱ-ում կանցկացվի հայ-իրանական աստղագիտական առաջին համատեղ կոլոքվիումը։ Հայկական և Իրանական աստղագիտական ընկերությունների միջև քննարկվեցին նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը։

Հիշեցնենք, որ ԲԱ-ն նման համագործակցություններ ունի Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ, ինչպես նաև շուրջ 40 տարի համատեղ կոլոքվիումներ է անցկացնում Վրաստանի և Ռուսաստանի աստղագետների հետ։

 

Հայկական աստղագիտական ընկերություն