Մամուլի հաղորդագրություն #414, 17.02.2015թ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՌԵԼՅԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Փետրվարի 13-ին Հռոմի Լա Սապիենցա համալսարանում տեղի ունեցավ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRA,http://www.icranet.org/) տնօրենների խորհրդի հերթական տարեկան նիստը, որը քննարկեց Կենտրոնի 2014թ. աշխատանքների արդյունքները, 2015թ. բյուջեն և հետագա զարգացման միտումները: Նիստին մասնակցեցին այդ կենտրոնի անդամ երկրներ հանդիսացող Իտալիայի, Վատիկանի, Հայաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները: Հայաստանից նիստին մասնակցում էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Այս տարվա նիստը էապես տարբերվում էր նախորդներից։ Առաջին տարին է ինչ գործում է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի Հայաստանյան մասնաճյուղը։ Ավելին, Կենտրոնի համաձայնագրի նիստն արդեն հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սույն թվականի փետրվարի 13-ին այն ստորագրվել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանի և Կենտրոնի տնօրեն պրոֆ․ Ռեմո Ռուֆինիի կողմից։
Մեկ այլ կարևոր հանդիպում կազմակերպվեց փետրվարի 10-ին Իտալիայի Արտաքին գործերի նախարարության կողմից։ Կենտրոնին անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, Կենտրոնի տնօրեն պրոֆ․ Ռեմո Ռուֆինին և փոխտնօրեն և հանձնաժողովի նախագահ պրոֆ․ Ֆրանչիս Էվերիտը հյուրընկալվեցին փոխարտգործ նախարար պարոն Մարիո Ջիրոյի կողմից։ Այցի ընթացքում քննարկվեց Կենտրոնի ֆինանսավորման, ինչպես նաև ընթացիկ և ապագա համագործակցության հարցերը:
Հանձնաժողովի անդամները նաև այցելեցին Վատիկանի աստղադիտարան և Եվրոպական տիեզերական գործակալության տվյալների կենտրոն։ Վատիկանի աստղադիտարանի տնօրենի հետ քննարկվեց հայ և իտալացի ինժեներների հնարավոր համագործակցության ծրագրերը։
Հանձնաժողովը միաձայն վերընտրեց Կենտրոնի տնօրեն Ռեմո Ռուֆինիին, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ վերընտրվեց պրոֆ․ Ֆրանչիս Էվերիտը։
Հիշեցնենք, որ Կենտրոնը ստեղծվել է 2002թ. Իտալիայի և Վատիկանի կողմից, Հայաստանն անդամակցել է 2003-ից: Ընդհանրապես Հայաստանի նման փոքր երկրների ներկայությունը միջազգային կառույցներում միշտ էլ կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք միշտ ավելի են ստանում նման կազմակերպություններից, քան ներդնում են: Տվյալ դեպքում շարունակաբար ընդգծվում է այն հանգամանքը, որը Հայաստանը լինելով բարձր զարգացած գիտության երկիր, նաև հանդիսանում է եվրոպական ու քրիստոնեական մշակույթների կրողը մեր տարածաշրջանում: Բացի այդ, Հայաստանի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի. Հայաստանը դիտարկվում է որպես ICRA-ի տարածաշրջանային կենտրոն այն Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրների հետ կապելու համար:
Հայկական աստղագիտական ընկերություն