Մամուլի հաղորդագրություն #423, 06.03.2015թ.
ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
2015թ. հոկտեմբերի 13-16-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) առաջին անգամ տեղի կունենա հայ-իրանական աստղագիտական խորհրդակցություն, որին կմասնակցեն իրանցի 15 աստղագետներ: Խորհրդակցության նպատակն է փոխադարձ կապերի հաստատումը, համատեղ գիտական ծրագրերի քննարկումը և հայ-իրանական համագործակցության նախաձեռնման հաստատումը: Թեև ժամանակակից իրանական աստղագիտությունը դեռևս համաշխարհային ճանաչում չունի, սակայն այն բուռն զարգացում է ապրում՝ պետության կողմից առանձնահատուկ հոգածության շնորհիվ: Իրանում կառուցվում է 3.4 մ հայելու տրամագծով աստղադիտակ, հարյուրավոր ուսանողներ աստղագիտություն են սովորում, և մոտ ժամանակներս Իրանը կարող է դառնալ տարածաշրջանի աստղագիտական տերություններից մեկը: Առաջիկա խորհրդակցության թեմատիկան բաց է հանարավորինս շատ աստղագիտական բնագավառներ ընդգրկելու համար՝ Արեգակնային համակարգ և արտարեգակնային մոլորակներ, աստղեր և միգամածություններ, գալակտիկաներ և տիեզերաբանություն, աստղագիտական շրջահայություններ և տվյալների շտեմարաններ, տեսական աստղագիտություն և տեսական աստղաֆիզիկա, հաշվողական աստղաֆիզիկա և վիրտուալ աստղադիտարաններ, հնագույն աստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում, աստղագիտական կրթություն, ինչպես նաև կլինեն հայ և իրանական աստղագիտությունը ներկայացնող զեկուցումներ: Կազմակերպիչներն են ԲԱ, Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS), Իրանի աստղագիտական ընկերությունը (ASI) և Իրանի Հիմնարար հետազոտությունների ինստիտուտը (Թեհրան, IPM): Կազմկոմիտեի համանախագահներն են Արեգ Միքայելյանը և Հաբիբ Խոսրոշահին:
Նման երկկողմ խորհրդակցությունները կամ կոլոքվիումները ավանդական են ԲԱ համար. դեռևս 1974-ից անցկացվում են հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) համատեղ կոլոքվիումները, 2 անգամ (1995 և 2009 թթ.) կազմակերպվել են հայ-ֆրանսիական խորհրդակցություններ, մի քանի անգամ՝ հայ-ռուսական (Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի աստղագետների հետ), իսկ 1981-ին Բյուրականում անցկացվեց խորհրդային-ֆիննական աստղագիտական խորհրդակցությունը: Նման միջոցառումները հատկապես նպատակահարմար են հարևան երկրների հետ, քանի որ մեծ ֆինանսական միջոցների ներդրում չեն պահանջում:
Հայ-իրանական աստղագիտական առաջին խորհրդակցության համացանցային էջն է՝
http://armenia-iran-1.aras.am/
Հայկական աստղագիտական ընկերություն