Մամուլի հաղորդագրություն #424, 06.03.2015թ.
ԹԶՈՒԿ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ
2015թ. մարտի 6-ին աստղագիտության և տիեզերական հետազոտությունների բնագավառում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն․ ՆԱՍԱ-ի «Դաուն» տիեզերանավը դարձավ թզուկ մոլորակի ուղեծրին հասած առաջին առաքելությունը։ Տիեզերանավը Սերեսից (Ցեռերայից) շուրջ 61,000 կմ հեռավորության վրա էր, երբ Գրինվիչի ժամանակով 12։39-ին գրավվեց թզուկ մոլորակի գրավիտացիոն դաշտի կողմից և դարձավ նրա արհեստական արբանյակը։ Մինչև Սերեսին հասնելը «Դաունը» 7․5 տարվա ընթացքում ճանապարհորդեց 4․9 միլիարդ կիլոմետր։
Բացի այն, որ «Դաունը» թզուկ մոլորակի այցելած առաջին տիեզերանավն է, այն նաև առաջինն էր, որ այցելեց երկու երկնային մարմնի և պտտվեց նրանց ուղեծրերում։ 2011-2012 թթ․ այս տիեզերանավը հետազոտեց Վեստա հսկա աստղակերպը՝ մեզ ուղարկելով նրա հազարավոր պատկերներ։ Սերեսը և Վեստան Արեգակնային համակարգի աստղակերպերի Մարսի և Յուպիտերի միջև գտնվող հիմնական գոտու երկու ամենազանգվածեղ մարմիններն են։
Իր հայտնաբերման օրից ի վեր՝ 1801թ․, Սերեսը հայտնի էր սկզբում որպես մոլորակ, այնուհետև որպես աստղակերպ կամ փոքր մոլորակ, իսկ 2006-ից՝ Պլուտոնի և մի քանի այլ երկնային մարմինների հետ միասին կոչվեց թզուկ մոլորակ։
ՆԱՍԱ-ի «Դաուն» տիեզերանավի առաքելության մասին լրացուցիչ տեղեկություններ հետևյալ հղումով՝ http://www.nasa.gov/dawn
Հայկական աստղագիտական ընկերություն