Մամուլի հաղորդագրություն #426, 11.03.2015թ.
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2015թ. մարտի 11-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) հաշվետու ցուցահանդեսը և ժողովը, որին մասնակցեցին ԵԳԱԾ շահառու կազմակերպությունները, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, այլ գիտական կազմակերպություններ, գիտական ընկերություններ, և հասարակական կազմակերպություններ: Ցուցահանդեսն այցելեց և ժողովին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ, այլ հյուրեր: Ցուցահանդեսի տաղավարները ձևավորել և ներկայացնում էին բացառապես երիտասարդ գիտնականները:
ԵԳԱԾ-ը սկիզբ է առել 2012թ. և առաջին տարվա ընթացքում իրականացրել է 100 միլիոն ՀՀԴ աջակցություն: Այնուհետև տրամադրվել է ևս 200 միլիոն ՀՀԴ: Ծրագրի շրջանակներում իրականացվել է երիտասարդ գիտնականների հետազոտական նախագծերի աջակցություն, ֆինանսավորվել են Հայաստանում կազմակերպված երիտասարդական գիտաժողովներ և ամառային ու ձմեռային դպրոցներ, աջակցություն է ցուցաբերվել երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի հրատարակմանը, գիտական հոդվածներին և արտասահմանյան գործուղումներին:
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տաղավարում ներկայացվեցին ԲԱ գործունեությունը, ԲԱ երիտասարդ գիտնականների 2012-2014 թթ. կատարած աշխատանքները և ստացված արդյունքները, այդ թվում՝ հրատարակված գիտական աշխատանքները, մասնակցությունը հետազոտական նախագծերին և դրամաշնորհներին, գործուղումները, մասնակցությունը միջազգային գիտաժողովներին և ամառային ու ձմեռային դպրոցներին, ժամանակակից միջազգային աստղագիտական ծրագրերը, ԵԳԱԾ համաֆինանսավորմամբ կազմակերպված 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը (2012թ.) և այլն:
Հայկական աստղագիտական ընկերություն