Մամուլի հաղորդագրություն #429, 16.03.2015թ.

 

 

ՄԵՐԿՈՒՐԻԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՆԵՊՏՈՒՆԻ ՀԵՏ


 

Մարտի 17-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին և երկնքի ամենահեռու մոլորակը՝ Նեպտունը: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա: Քանի որ Նեպտունը բավականաչափ պայծառ չէ անզեն աչքով երևալու համար, այս երևույթը կարելի է դիտել միայն աստղադիտակներով (հնարավոր է նաև սիրողական աստղադիտակներով): Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից:

Իհարկե, իրականում Մերկուրին և Նեպտունը հսկայական հեռավորության վրա են միմյանցից, պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում, Մերկուրիի Երկրից հեռու է միջինում 1.04 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Նեպտունի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 4.5 միլիարդ կմ կամ 30 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ):

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի)։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն