Մամուլի հաղորդագրություն #430, 17.03.2015թ.

 

ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ

«ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

 

 

 

2015թ. հոկտեմբերի 5-9-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» թեմայով գիտաժողով՝ նվիրված Մարգարյանի շրջահայության 50-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ, ArVO) 10-ամյակին: Մարգարյանի շրջահայությունը սկսվեց 1965թև աստղագիտական աշխարհին տվեց գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ), իսկ նրա դիտողական նյութի հիման վրա հետագայում կատարվեցին նոր հայտնագործություններ։ Այն թվայնացվեց 2002-2005թթև հիմք հանդիսացավ ՀՎԱ ստեղծման համար։ 2012թայն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում։

Գիտաժողովի նպատակներն են աստղագետների և համակարգչային մասնագետների մեկտեղումը, ժամանակակից դիտողական տվյալների համատեղ քննարկումները և հնարավոր համագործակցությունների հաստատումը: Գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է արտարեգակնային մոլորակների, աստղերի և միգամածությունների, գալակտիկաների և տիեզերաբանական շրջահայությունները, ապագայի խոշոր շրջահայությունները, աստղագիտական կատալոգները, աստղագիտական տվյալների թվայնացումը, տվյալների շտեմարանները և արխիվները, հաշվողական աստղաֆիզիկան և վիրտուալ աստղադիտարանները: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ, ԲԱ-ն և ՀՎԱ-ն: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Հնդկաստանից և Մեծ Բրիտանիայից: Հրավիրված զեկուցողների թվում են արտասահմանյան 15 և Հայաստանի 6 գիտնականներ։

Բյուրականի աստղադիտարանը հատկապես հայտնի է իր շրջահայություններով և բազմաթիվ տիեզերական մարմինների հայտնաբերմամբ։ Ամբողջ աշխարհում ուսումնասիրում են Մարգարյանի, Առաքելյանի և Ղազարյանի գալակտիկաները, Շահբազյանի կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերը, Պարսամյանի գիսավորաձև միգամածությունները և Բյուրականում հայտնաբերված այլ օբյեկտներ, և գիտաժողովն երիտասարդ սերնդի աստղագետների համար միաժամանակ ԲԱ գիտական ժառանգության ճանաչման համար լավ հնարավորություն կհանդիսանա։

«Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» գիտաժողովի համացանցային էջն է՝ http://asbd.aras.am/

 

Հայկական աստղագիտական ընկերություն