Մամուլի հաղորդագրություն #446, 27.04.2015թ.

 

 

25 տարի երկնքում

 

25 տարի առաջ տիեզերական շաթլ Ատլանտիսի (Space Shuttle Orbiter Atlantis) կողմից Երկրի ուղեծիր դուրս բերվեց ամերիկյան աշխարհահռչակ աստղագետ Էդվին Հաբլի անունով կոչվող Հաբլի տիեզերական աստղադիտակը (Hubble Space Telescope, HST): Հաբլը ՆԱՍԱ-ի 4 «Մեծ աստղադիտակներ» ծրագրի մի մասն է` Քոմփթոնի գամմա-ալիքային աստղադիտարանի, Սպիտցերի տիեզերական աստղադիտակի ու Չանդրայի ռենտգենյան աստղադիտարանի հետ մեկտեղ: Տիեզերական աստղադիտակն ունի 2.4մ հայելու բացվածք և իր չորս գլխավոր գործիքների օգնությամբ հետազոտում է մոտ գերմանուշակագույն, տեսանելի և մոտ ենթակարմիր ալիքային տիրույթները։

Չնայած, որ Հաբլը չի եղել առաջին տիեզերական աստղադիտակը, այն ամենամեծերից է ու ամենաբազմակողմանին։ Այն հայտնի է որպես ամենակարևոր և աստղագիտության մեջ ամենամեծ ներդրում ունեցած ուղեծրային հետազոտական գործիքը: 25 տարիների ընթացքում Հաբլի բազմաթիվ հայտնագործություններն աստղաֆիզիկայի մեջ բերել են բեկումնային առաջընթացների, ինչպես օրինակ Հաբլի օրենքի ճշգրտումը։

 

Հայկական աստղագիտական ընկերություն