Մամուլի հաղորդագրություն #447, 28.04.2015թ.

 

«ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ» ՀԱՆԴԵՍԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

 

 

 

Այս տարի լրացավ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսի հիմնադրման 50-ամյակը: Այն հիմնադրվել է 1965թ. Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, որպես ԽՍՀՄ համամիութենական ամսագիր՝ աստղաֆիզիկայի բնագավառի նորագույն արդյունքների տպագրման նպատակով: Ամսագրի բնօրինակը լույս է տեսնում ռուսերեն որպես «Àñòðîôèçèêà» (ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանում առկա են 1993-2014 թթ. թվայնացված համարները, http://www.flib.sci.am/eng/Astrophysics/Frame.html), այնուհետև թարգմանվում և վերահրատարակվում է անգլերեն որպես «Astrophysics» (նախկինում՝ «Plenum Publishing Corporation»-ի, իսկ ներկայումս՝ «Springer»-ի կողմից): «Աստղաֆիզիկան» ընդգրկված է ԲՈՀ-ի ցանկում և հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր ազդեցության գործակից (ԱԳ, Impact Factor – IF) ունեցող ամսագիրը (2013թ. ԱԳ = 0.556), որը զիջում է միջազգային ամենահեղինակավոր ամսագրերին, սակայն զգալիորեն բարձր է ՀՀ այլ ամսագրերից: Հանդեսի գլխավոր խմբագիրներ են եղել ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը (1965-1988 թթ.), Լյուդվիկ Միրզոյանը (1988-1999 թթ.) և Դավիթ Սեդրակյանը (2000-ից):

«Աստղաֆիզիկայի» 50-ամյակի առթիվ ստեղծվել է հանդեսի կայքէջը (http://www.aras.am/astrophysics/), որտեղ տեղ են գտել դրա հիմնադրման և հրատարակման պատմությունը, խմբագրական կազմը, տարբեր տարիների ԱԳ, տպագրվող հոդվածների ոլորտները, հեղինակների ուղեցույցը, տպագրված հոդվածների ամփոփ նկարագրությունը (մասնավորապես՝ շրջահայություններին նվիրված և այլ հոդվածաշարերը, զանազան բնագավառները լուսաբանող ընդհանրացնող հոդվածները), առավել արդյունավետ հեղինակների ցանկը և առնչվող հղումներ: «Springer»-ի «Astrophysics» կայքէջում առկա են հանդեսի բոլոր հոդվածների անգլերեն ամփոփագրերը (http://www.springer.com/astronomy/journal/10511):

 

Հայկական աստղագիտական ընկերություն