Մամուլի հաղորդագրություն #450, 11.05.2015թ.

 

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ՝ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎ ՄՐՑԱՆԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

 

Ֆիզիկայի բնագավառում 2011թ Նոբելյան մրցանակակիր ավստրալացի աստղագետ Բրայան Շմիդտը դարձել է Ակադ Վիկտոր Համբարձումյանի անվ միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ։ Համաձայն կանոնակարգի, այդ հանձնաժողովը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ փոխում է իր կազմի մեկ երրորդը։ Սա բացառիկ երևույթ է և վկայում է հայ գիտության միջազգային կարևորության մասին։ Հիշեցնենք նաև, որ մեկ այլ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ամերիկացի աստղագետ Ջոն Մաթերը, 2004թ մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության տարեկան համաժողովին։

 

Description: F:\D Science\VA prize\Logo\VAPrize_webpagelogo.jpg

 

Պրոֆ Բրայան Շմիդտը հանդիսանում է վաստակավոր պրոֆեսոր, Ավստրալիական հետազոտական խորհրդի դափնեկիր է:Աշխատում է Ավստրալիայի ազգային համալսարանի Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում և Աստղագիտության ու աստղաֆիզիկայի հետազոտական դպրոցում:  2012թ. ընտրվել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընկերության անդամ: Նա հայտնի է իր հետազոտություններով, որտեղ  Գերնորերը օգտագործվել են որպես տիեզերաբանական փորձանմուշ և արդյունքում ճշտվել է Տիեզերքի ընդարձակման օրինաչափությունը ժամանակակից փուլում: Այդ աշխատանքներից պարզվեց, որ Տիեզերքն ընդարձակվում է արագացումով, որի պատճառը կարող է լինել մութ էներգիան: Սոլ Պերլմուտերի և Ադամ Ռիսի հետ միասին Շմիդտն արժանացել է 2006թ. Շոուի աստղագիտության մրցանակի, իսկ 2011թ.` ֆիզիկայի բնագավառում  Նոբելյան մրցանակի:

Ակադ Վիկտոր Համբարձումյանի անվ միջազգային գիտական մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից։ Այն տրվում է սկսած 2010թ երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից բնագավառներում խոշոր ներդրում ունեցած գիտնականներին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար, որի հետ հաղթողներին հանձնվում է հավաստագիր և մեդալ։ Առաջադրված աշխատանքները միջազգային անկախ փորձաքննություն են անցնում, իսկ առաջադրված գիտնականներից հաղթողների ընտրությունը կատարում է միջազգային հանձնաժողովը։

 

Միջազգային հանձնաժողովի անդամներն են

 

Պրոֆ Ռադիկ Մարտիրոսյան (Հայաստան, ՀՀ ԳԱԱ նախագահ, հանձնաժողովի նախագահ),

Պրոֆ Երվանդ Թերզյան (Կոռնելի համալսարան, Իթաքա, Նյու Յորք, ԱՄՆ, Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի գիտական խորհրդի նախագահ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ),

Պրոֆ Նորիո Կայֆու (Ճապոնիայի ազգային աստղադիտարանի նախկին գլխավոր տնօրեն, Տոկիո, Ճապոնիա, Միջազգային աստղագիտական միության նախագահ),

Պրոֆ Միշել Մայոր (Ժնևի համալսարան, Շվեյցարիա, Վ. Համբարձումյանի անվ միջազգային մրցանակի առաջին հաղթող, Եվրոպական գիտությունների ակադեմիայի անդամ),

Պրոֆ Բրայան Շմիդտ (Ավստրալիայի ազգային համալսարան, Աստղագիտության և աստղաֆիզիկայի հետազոտական դպրոց, Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան, Կանբերա, Ավստրալիա, 2011թ. Նոբելյան մրցանակակիր, Թագավորական ընկերության անդամ),

Պրոֆ Անատոլի Չերեպաշչուկ (Շտերնբերգի անվան պետական աստղագիտական ինստիտուտի տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան, ակադեմիկոս),

Պրոֆ Վահե Պետրոսյան (Աստղագիտության ծրագրի ղեկավար, Սթենֆորդի համալսարան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ),

Պրոֆ Ջոզեֆ Սիլք (Օքսֆորդի համալսարանի և Փարիզի աստղաֆիզիկական ինստիտուտի պրոֆեսոր, Թագավորական ընկերության անդամ, Մեծ Բրիտանիա),

Պրոֆ Կատրին Ցեզարսկի (Սակլեյի միջուկային հետազոտությունների կենտրոն, Ֆրանսիա, Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ

 

 

Հանձնաժողովի գիտական քարտուղարն է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը։

 

2010-2014 թթ Վիկտոր Համբարձումյանի անվ միջազգային մրցանակին են առաջադրվել գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Հայաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Ֆրանսիայից, այդ թվում նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Թեև Հայաստանի գիտնականներին դեռևս չի հաջողվել արժանանալ այս մրցանակին, սակայն ուրախալի է, որ մրցանակակիրների թվում են երկու հայազգի գիտնականներ։

 

Ակադ Վիկտոր Համբարձումյանի անվ միջազգային գիտական մրցանակին են արժանացել.

 

2010 –             Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և Նունու Սանտուշը (Պորտուգալիա)

2012 –             Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան)

2014 –             Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղ՝ Իգոր Կարաչենցևը (Ռուսաստան) և Բրենթ Թալին (ԱՄՆ)

 

Թեև մրցանակակիրներն արտասահմանյան երկրներից են, բայց նրանց մեծ մասը նպաստել և նպաստում է հայ գիտության զարգացմանը թե՛ որոշակի հովանավորությամբ և թե՛ համագործակցություններով։

 

Հայկական աստղագիտական ընկերություն