Մամուլի հաղորդագրություն # 455, 30.05.2015թ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Մայիսի 25-30-ին Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում տեղի ունեցան Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) 12-րդ հաշվետու-ընտրական համագումարը և «Աստղագիտությունը մեր տիեզերական շրջապատից մինչև հեռավոր տիեզերաբանություն» թեմայով գիտական կոնֆերանսը, որոնց մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մոտ 120 գիտնականներ: Կոնֆերանսին լսվեցին և քննարկվեցին աստղագիտության զանազան ոլորտներին առնչվող զեկուցումներ, որոնք բաժանված էին մի շարք զուգահեռ նստաշրջանների` «Աստղաչափություն և երկնային մեխանիկա», «Արեգակ», «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր», «Ժամանակակից աստղաբաշխություն», «Արտագալակտիկական աստղագիտություն», «Աստղագիտական կատալոգներ, տվյալների շտեմարաններ, շրջահայություններ և վիրտուալ աստղադիտարաններ», ինչպես նաև «Աստղագիտության դասավանդում և մասսայականացում» թեմաներով: Ներկայացվեցին նաև 17 պլենար զեկուցումներ։ Տեղի ունեցան համագումարի և ԵԱԱԸ վարչության 2-ական նիստ։ Համագումարը քննարկեց ԵԱԱԸ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները, նախկին Խորհրդային Միության տարածքում աստղագիտության զարգացման հեռանկարները, այդ թվում` գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների, գիտական կոնֆերանսների, երիտասարդական դպրոցների կազմակերպումը և այլն:
Հայաստանից համագումարին և գիտական կոնֆերանսին մասնակցեցին Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատողներ, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ և ԵԱԱԸ վարչության անդամ Արեգ Միքայելյանը և ԲԱ փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը։ Նրանք երկուական զեկուցումներ ներկայացրեցին «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր» և «Արտագալակտիկական աստղագիտություն» նստաշրջաններում։ Արեգ Միքայելյանը նաև հանդես եկավ «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» պլենար զեկուցմամբ, ինչպես նաև մասնակցեց ԵԱԱԸ վարչության նիստերին։
Տեղի ունեցան ԵԱԱԸ վարչության ընտրություններ, և Միքայելյանը վերընտրվեց ԵԱԱԸ վարչության կազմում, ինչպես նաև ընտրվեց ԵԱԱԸ փոխնախագահ: Տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի աստղագետների հետ հնարավոր համագործակցությունների շուրջ։ Համագումարի շրջանակներում տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ` հանդիսավոր ընդունելություն, հանդիպումներ, համերգ և ճաշկերույթ:
Հիշեցնենք, որ ԵԱԱԸ ստեղծվել է 1990թ. որպես Խորհրդային Միության աստղագիտական ընկերություն, սակայն վերջինիս փլուզումից հետո վերանվանվեց Եվրասիական աստղագիտական ընկերություն և ներկայումս նրա կազմում կան 31 երկրների մոտ 800 գիտնականներ: Հայաստանից ԵԱԱԸ անդամ են 12 աստղագետ, իսկ ՀԱԸ հանդիսանում է ԵԱԱԸ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Հայկական աստղագիտական ընկերություն