Մամուլի հաղորդագրություն #457, 05.06.2015թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

 

 

Հունիսի 1-5-ին Շվեդիայի Մարստրանդ քաղաքում՝ գեղատեսիլ Կարլսբերգ ամրոցում, տեղի ունեցավ «Բազմաթիվ գույների գալակտիկաներ աստղառաջացումը տիեզերական ժամանակի ընթացքում» (“Galaxies of Many Colours: Star Formation across Cosmic Time”) թեմայով աստղագիտական կոնֆերանսը, որին մասնակցեցին ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Կանադայի, Հայաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Չիլիի, Տայվանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի 55 գիտնականներ: Մասնակիցների թվում էին այնպիսի ճանաչված գիտնականներ, ինչպիսիք են Դեյվիդ Սանդերսը, Նիք Սքովիլը, Մաթ Լեներտը, Սյուզան Աալտոն, Ջեյ Գալախերը, Ջին Թերները, Լեսլի Հանթը և այլք։ Կոնֆերանսին լսվեցին և քննարկվեցին բազմաթիվ զեկուցումներ, որոնք բաժանված էին մի շարք նստաշրջանների` «Ակտիվ գալակտիկաների սնուցումը և շրջապատի հետ հետադարձ կապը», «Ակտիվ միջուկների և աստղառաջացման կապը», «Միջաստղային միջավայրի հատկությունները առանձին աստղառաջացման տիրույթներում», «Միջաստղային միջավայրի հատկությունները գալակտիկաների սանդղակներում», «Աստղառաջացումը ցածր մետաղականության միջավայրում», «Աստղառաջացումը փոխազդող գալակտիկաներում» և «Աստղառաջացումը դարավոր էվոլյուցիա ապրող գալակտիկաներում»:

Հայաստանից կոնֆերանսին մասնակցեց Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նա զեկուցում ներկայացրեց «Ենթակարմիր դիտումներից ընտրված Բյուրական-IRAS գալակտիկաների աստղառաջացման տեմպերը» թեմայով։

Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ` շրջագայություններ, այցելություն Օնսալայի տիեզերական աստղադիտարան և ճաշկերույթ: Կոնֆերանսը հատկապես կարևոր էր աստղագիտության մեջ ներկայումս իրականացվող խոշորածավալ նախագծերի և մեծ տվյալների ստացման դարաշրջանում գալակտիկաների էվոլյուցիայի և աստղառաջացման սցենարները վերագնահատելու համատեքստում։

 

Հայկական աստղագիտական ընկերություն