Մամուլի հաղորդագրություն, #461, 26.06.2015թ.

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ

 

 

Հունիսի 22-26-ին Լա Լագունայի համալսարանում (Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա) անցկացվեց Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS): Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում: Համագումարին մասնակցեց 53 երկրի 1164 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Եվրոպական համագումարի շրջանակներում անցկացվեց 11 գիտաժողով, 23 հատուկ նստաշրջան և 7 հատուկ խորհրդակցություն, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` 7 պլենար զեկուցում, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Գլխավոր ասամբլեան (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի խորհրդակցությունը, այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլն: Գիտաժողովները և հատուկ նստաշրջանները նվիրված էին աստղագիտության ամենատարբեր հարցերին` Արեգակից, մոլորակներից, աստղերից, միգամածություններից և գալակտիկաներից մինչև բազմալիքային աստղագիտություն, տիեզերական մագնիսական դաշտեր և տիեզերական աստղադիտակներով ստացված գիտական արդյունքները: Քննարկվեցին նաև աստղագիտական կրթության և սիրողական աստղագիտության հարցերը Եվրոպայում, ինչպես նաև աստղագիտության կապն այլ գիտությունների հետ:  

 

Հայաստանից Եվրոպական աստղագիտական համագումարին մասնակցեց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատակից Արեգ Միքայելյանը: Արտասահմանյան հայազգի աստղագետներից ներկա էին Վիկտոր Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Կանարյան կղզիների աստղագիտական ինստիտուտ, Իսպանիա), ՀԱԸ 2013թ․ տարեկան մրցանակի հաղթող Ավետ Հարությունյանը (Գալիլեի անվան ազգային աստղադիտակ, Իտալիա) և երիտասարդ աստղագետ Վահագն Հարությունյանը (Հռոմի Սապիենցա համալսարան, Իտալիա): Հետաքրքրական է, որ Գարիկ Իսրայելյանը 2010թ․Վիկտոր Համբարձումյանի մրցանակին էր արժանացել շվեյցարացի հանրահայտ աստղագետ Միշել Մայորի և պորտուգալացի աստղագետ Նունու Սանտուշի հետ համատեղ, և այս համագումարում ԵԱԸ գլխավոր՝ Տիխո Բրահեի մրցանակը, հանձնվեց նույնպես Միշել Մայորին։ Նա նույնպես ՀԱԸ անդամ է։ Համագումարին մասնակցում էին նաև ՀԱԸ անդամ արտասահմանցի աստղագետներ Միշել Դենեֆելդը (Ֆրանսիա) և Բերնարդ Բրանդլը (Հոլանդիա)։

Տարբեր նստաշրջաններում հայ աստղագետները ներկայացրեցին զեկուցումներ և ցուցապաստառներ, ինչպես նաև Արեգ Միքայելյանը մասնակցեց ԵԱԸ խորհրդի և ԵԱԸ անդամ աստղագիտական ընկերությունների համատեղ խորհրդակցությանը: Տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների` մասնավորապես ԵԱԸ պրեզիդենտ Թիերի Կուրվուազիեի, Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գլխավոր տնօրեն Թիմ դե Զեուի, Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) գիտական ծրագրերի ղեկավար Ալվարո Խիմենեսի, Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի ղեկավարներ Յոհաննես Անդերսենի և Ռոն Ստարկի, OPTICON կոնսորցիումի ծրագրի ղեկավար Ջոն Դեյվիսի, Եվրոպական աստղագիտական դպրոցների ծրագրի ղեկավար Միշել Դենեֆելդի և այլոց հետ:

Հունիսի 27-ին նշվում է Կանարյան կղզիների աստղագիտական ինստիտուտի 30-ամյակը։ Արարողությանը մասնակցելու է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, ինչը վկայում է այդ երկրում գիտության և մասնավորապես՝ աստղագիտության, բարձր վարկանիշի մասին։

Հիշեցնենք, որ ԵԱԸ հիմնադրվել է 1990 թ., իր կազմում ունի 25 ազգային աստղագիտական ընկերություն (այդ թվում և ՀԱԸ) և շուրջ 1100 անհատ անդամ, իր գործունեությամբ կոորդինացնում է եվրոպական աստղագիտությունը, տարեկան անցկացնում է համագումարներ, ունի տարեկան մրցանակներ ճանաչված և երիտասարդ աստղագետների համար: 2007 թ. ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, որը մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր գիտական իրադարձությունն էր:

ԵԱԸ հաջորդ համագումարը կանցնի 2016թ. հուլիսին Աթենքում (Հունաստան), իսկ 2017թ.` Պրագայում (Չեխիա): 

ԵԱԸ համագումարի համացանցային կայք-էջն է` http://eas.unige.ch/EWASS2015/

 

Հայկական աստղագիտական ընկերություն