Մամուլի հաղորդագրություն, #462, 29.06.2015թ.

 

 

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՎԵՆԵՐԱՅԻ ԵՎ ՅՈՒՊԻՏԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

 

Հուլիսի 1-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան և երկրորդ պայծառ մոլորակը՝ Յուպիտերը: Քանի որ երկու մոլորակներն էլ բավականաչափ պայծառ են, այս երևույթը լավ երևում է նաև անզեն աչքով։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը: Մոլորակների միջև անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Վեներան և Յուպիտերը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Յուպիտերը միջինում Երկրից հեռու է 588 միլիոն կմ կամ 3.92 աստղագիտական միավոր:

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Հուլիսի 1-ին մոլորակային միացման անկյունային հեռավորությունը կազմում է 24°: Վեներայի և Յուպիտերի հաջորդ խոշոր միացումը կլինի 2015թ հուլիսի 31-ին։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

Հայկական աստղագիտական ընկերություն