Մամուլի հաղորդագրություն #482, 22.09.2015թ.
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ. ՍԿՍՎՈՒՄ Է ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
Սեպտեմբերի 23-ին, Գրինվիչի ժամանակով 08:22 (Հայաստանի ժամանակով 12:22), Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):
Հիշեցնենք նաև, որ եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:
Հայկական աստղագիտական ընկերություն