Մամուլի հաղորդագրություն #483, 27.09.2015թ.

 

ԱՅՍՕՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՒՆ ՕՐՆ Է

 

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xfl1/v/t1.0-9/11218682_962588693801766_3464642586780192345_n.jpg?oh=c6482a959d66526d19cfe9e747c7405b&oe=56CD68DA

 

Ավելի քան 30 տարի սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զբոսաշրջության համաշխարհային օր: Տոնի նպատակն է զբոսաշրջության պրոպագանդան, համաշխարհային հանրության տնտեսության մեջ տուրիզմի ունեցած ներդրման լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը: Այն կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել զբոսաշրջության կարևորության և դրա սոցիալական, մշակութային, տնտեսական նշանակության վրա:Հայաստանում նույնպես կարևորվում է տուրիզմը, մասնավորապես նաև գիտական տուրիզմը: Հայաստանը հնագույն գիտության և ամենագրավիչ գիտության` աստղագիտության, օրրաններից է: Չնայած իր փոքր տարածքին և համեմատաբար փոքրաթիվ բնակչությանը, Հայաստանն աստղագիտության ոլորտում բավականին մեծ ներդրում ունի համաշխարհային ժառանգության մեջ: Հայաստանում աստղագիտությունը հայտնի է վաղ ժամանակներից. առկա են մի քանի հազար տարի առաջ արված աստղագիտական դիտումների նշաններ: Կարծիք կա, որ առաջին անգամ երկնքի բաժանումը համաստեղությունների կատարվել է մի քանի հազար տարի առաջ հենց Հայկական բարձրավանդակում:

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը գիտական տուրիզմի տեսանկյունից մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Բյուրականում կազմակերպվում են ցերեկային և գիշերային այցելություններ, դրանք ներառում են գիշերային դիտումներ, ծանոթություն գիշերային երկնքին և տարածաշրջանում խոշորագույն 2.6մ դիտակին, հանրամատչելի դասախոսություններ և աստղագիտական ֆիլմերի դիտում պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ:

Հիշեցնենք, որ Բյուրականի աստղադիտարանը ժամանակակից աստղագիտական կենտրոն է, համարվում է նախկին Խորհրդային Միության, արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնադրվել է 1946 թ. Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Նա նոր գաղափարներ է առաջադրել և նոր տեսական մոտեցումներ է կիրառել աստղասփյուռներում աստղերի և միգամածությունների առաջացման և էվոլյուցիայի, գալակտիկական միջուկների ակտիվության և շատ այլ հիմնահարցերի վերաբերյալ։ Բյուրականում հայտնաբերվել են աստղասփյուռները, բազմաթիվ ակտիվ գալակտիկաներ և քվազարներ, բռնկվող և T Ցուլի տիպի աստղեր, նորեր և գերնորեր և շատ ուրիշ օբյեկտներ։ Հանրահայտ Բյուրականյան շրջահայությունները նույնպես այստեղ են իրականացվել։ Բյուրականի աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Բյուրականում տեղի են ունեցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) վեց գիտաժողով և կոլոքվիում։ Հայտնի քաղաքական գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ, այլ ականավոր գիտնականներ, բազմաթիվ այլ պատվավոր հյուրեր են այցելել Բյուրականի աստղադիտարան: Ներկայումս աստղադիտարանն ունի 95 աշխատակից, այդ թվում 45 աստղագետ: Շնորհիվ նոր մոտեցումների և հիմնարար գիտական արդյունքների Բյուրականի աստղագետները բարձր հեղինակություն են ձեռքբերել, իսկ Բյուրականի աստղադիտարանը գիտական հանրության կողմից ճանաչվել է որպես աստղաֆիզիկական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Բյուրականի աստղադիտարանում առաջարկված հասկացությունները և գաղափարները գտել են իրենց հետագա մշակումները շատ այլ աստղադիտարաններում, Բյուրականում հայտնաբերված նոր օբյեկտները դիտվում են ամբողջ աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսների կողմից:

 

Հայկական աստղագիտական ընկերություն