Մամուլի հաղորդագրություն #488, 08.11.2015թ.

 

ՍԿՍՎՈՒՄ Է ԼԵՈՆԻԴՆԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՀՈՍՔԸ

 

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xlp1/v/t1.0-9/10676282_10204220147655310_4693776078063593817_n.jpg?oh=395fe18ae419d5de75024eafa73b3628&oe=56B20FE6

 

Նոյեմբերի 8-22-ին դիտվում են Լեոնիդները` ամենանշանավոր ասուպային հոսքերից մեկը, որի առավելագույն փուլը կլինի նոյեմբերի 17-18-ի գիշերը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ: Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ. և շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032 թվականին: Սակայն ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին:

Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, և այդ օրը համարվում է ընդհանրապես ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսքը, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել և չի բացատրվել:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և ընկնող աստղեր հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են աստղային անձրև կամ աստղաթափ:

Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Երևանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը:

Հայկական աստղագիտական ընկերություն