Մամուլի հաղորդագրություն #511, 17.04.2016թ.

 

ՍԿՍՎՈՒՄ Է ԷՏԱ ԱՔՎԱՐԻԴՆԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՀՈՍՔԸ

 

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-prn2/v/t1.0-9/10320557_10202793110900283_8732568011591035786_n.jpg?oh=80023d8b79a6b00e58598bf4eae789f2&oe=57A92F16

 

Ապրիլի 21-ից մայիսի 20 ընթացքում դիտվում է Էտա Աքվարիդների ասուպային հոսքը, որն իր առավելագույն փուլում կգտնվի մայիսի 5-6-ի գիշերը և կդիտվի Ջրհոսի (Aquarius) համաստեղության ուղղությամբ:Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: Հոսքի ինտենսիվությունն իր մաքսիմումում կհասնի ժամում միջինում 12 ասուպի: Ամեն տարի առաջին Էտա Աքվարիդները կարելի է դիտել ապրիլի 21-ից սկսած, և հոսքը շարունակվում է մինչև մայիսի 20-ը: Երկիրն Արեգակի շուրջ իր պտույտի ընթացքում տարին մեկ անգամ անցնում է Հալլեյի գիսավորից անջատված փոշու միջով, ինչով էլ պայմանավորված է Էտա Աքվարիդների հոսքը: Սրանք խիստ արագաշարժ, երկարավուն հետքեր թողնող ասուպներ են: Այս ասուպային հոսքի հայտնաբերման տարեթիվն ընդունված է համարել 1870 թվականը, սակայն ըստ չինական պատմական գրառումներում պահպանված տվյալների՝ դրանց գոյությունն արդեն հայտնի էր դեռ մ.թ. 410 թվականին:Էտա Աքվարիդների ուսումնասիրման գործում վերջին 30 տարում իրենց մեծ ներդրումն ունեն սիրող աստղագետները, որոնց դիտումների տվյալների վրա հիմնվելով պարզ դարձավ, որ չափազանց մեծ տարբերություն կա հոսքի ինտենսիվությունների միջև հյուսիսային և հարավային կիսագնդերում:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և ընկնող աստղեր հիշեցնող հետքեր թողնում:

Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, և նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն