Մամուլի հաղորդագրություն, #512, 22.04.2016թ.
ANSEF ՇԱՀԱՌՈՒ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆ
Ապրիլի 22-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի դրամաշնորհին արժանացած գիտնականներին: Հյուրերն այցելեցին աստղադիտարանի խոշորագույն` 2.6մ աստղադիտակ, հանդիպում ունեցան ԲԱ փոխտնօրեն Արեգ Միքայելյանի հետ, լսեցին զեկուցում Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի գործունեության, ժամանակակից աստղագիտության նվաճումների և Հայաստանում միջճյուղային գիտությունների զարգացման մասին: Առաջարկվեց նաև գիտական հիմնարկները ներկայացնել տուրիզմի տեսանկյունից: Փոխադարձ կապերն ամրապնդելու և հնարավոր համագործակցություն հաստատելու նպատակով դրամաշնորհի հաղթողները հակիրճ ներկայացրեցին իրենց և իրենց նախագծերը: Քննարկվեց գիտական բնույթի վայրերի այցելությունների փաթեթների մշակման տարբերակները և հյուրերին Հայաստանը ներկայացնելու գիտական մոտեցումները: Ընդունելության նպատակն էր Հայաստանում ամրապնդել միջճյուղային գիտությունների համագործակցությունը:
Հարկ է նշել, որ մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրելէ 419 դրամաշնորհ, որոնցից օգտվել է շուրջ 700 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:
Հանդիպումն իրականացվեց Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (Swiss Agency for Development and Cooperation-SDC) աջակցությամբ:
Հայկական աստղագիտական ընկերություն