Մամուլի հաղորդագրություն #520, 16.07.2016թ.

ԱՍՏՂԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ Է ՍՊԱՍՎՈՒՄ

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/13754182_1127448393982461_3008052376389300513_n.jpg?oh=86977bc132cb5c450b9c8f502772ca3f&oe=58376ACF

Հուլիսի 23-ին սկսվելու է Պերսեիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է օգոստոսի 12-13-ին և ավարտվում է օգոստոսի 22-ին: Պերսեիդների ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ և աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք նկատելի հետքեր են թողնում:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Այս դեպքում հոսքը պայմանավորող երկնաքարերի խումբն առաջացրել է Սվիֆթ-Թատլի գիսավորը:Սովորաբար երկնաքարերը շատ փոքր են (ավազահատիկների և մանր քարերի չափերի), և մի քանի հարյուր կմ/վրկ արագություններով մտնելով մթնոլորտ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:

Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաև հոսքի բոլոր ասուպները որպես կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից` ռադիանտից: Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Լեոնիդները և Գեմինիդները:

 

Հայկական աստղագիտական ընկերություն