Մամուլի հաղորդագրություն, #523, 31.07.2016թ.

ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Լուսնի փուլերը Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջկողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝լիալուսինը։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։

Հայկական աստղագիտական ընկերություն