Հայաստանը հնագույն գիտության և մասնավորապես ամենագրավիչ գիտության` աստղագիտության, օրրաններից է: Չնայած իր փոքր տարածքին և համեմատաբար փոքրաթիվ բնակչությանը, Հայաստանն աստղագիտության ոլորտում բավականին մեծ ներդրում ունի համաշխարհային ժառանգության մեջ: Հայաստանում աստղագիտությունը հայտնի է վաղ ժամանակներից. առկա են մի քանի հազար տարի առաջ արված աստղագիտական դիտումների նշաններ: Կարծիք կա, որ առաջին անգամ երկնքի բաժանումը համաստեղությունների կատարվել է մի քանի հազար տարի առաջ հենց Հայկական բարձրավանդակում:

ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը գիտական տուրիզմի տեսանկյունից ևս մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Բյուրականի աստղադիտարանը ժամանակակից աստղագիտական կենտրոն է, համարվում է նախկին Խորհրդային Միության, արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնադրվել է 1946 թ. Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Նա նոր գաղափարներ է առաջադրել և նոր տեսական մոտեցումներ է կիրառել աստղասփյուռներում աստղերի և միգամածությունների առաջացման և էվոլյուցիայի, գալակտիկական միջուկների ակտիվության վերաբերյալ։ Բյուրականում հայտնաբերվել են աստղասփյուռները, բազմաթիվ ակտիվ գալակտիկաներ և քվազարներ, բռնկվող և T Ցուլի տիպի աստղեր, նորեր և գերնորեր և շատ ուրիշ օբյեկտներ։ Հանրահայտ Բյուրականյան շրջահայությունները նույնպես այստեղ են իրականացվել։ Բյուրականի աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Բյուրականում տեղի են ունեցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) վեց գիտաժողով և կոլոքվիում։ Հայտնի քաղաքական գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ, այլ ականավոր գիտնականներ, բազմաթիվ այլ պատվավոր հյուրերն այցելել են Բյուրականի աստղադիտարան: Ներկայումս աստղադիտարանի ունի 95 աշխատակից, այդ թվում 45 աստղագետ: Շնորհիվ նոր մոտեցումների և հիմնարար գիտական արդյունքների Բյուրականի աստղագետները բարձր հեղինակություն են ձեռքբերել, իսկ Բյուրականի աստղադիտարանը գիտական հանրության կողմից ճանաչվել է որպես աստղաֆիզիկական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Բյուրականի աստղադիտարանում առաջարկված հասկացությունները և գաղափարները գտել են իրենց հետագա մշակումները շատ այլ աստղադիտարաններում, Բյուրականում հայտնաբերված նոր օբյեկտները դիտվում են ամբողջ աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսների կողմից: